Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Աննա Բաբայան


Լոգոպեդ, դիմահարդար, ֆոտոմոդել ու հաղորդավարուհի :)

Ֆոտոմոդել Աննա Բաբայանին այսօր շատերս ճանաչում ենք TV5 հեռուստալիքի "Երեկո շոու Արմենի հետ” ծրագրից: Bravo.am-ը Աննայի հետ որոշեց զրուցել մոդելային ոլորտի մասին, նաեւ պարզել, թե ինչպես է ֆոտոմոդելը հայտնվել հեռուստաեթերում ու ինչի վրա է ծախսում իր ողջ աշխատավարձը: :)

Աննան արդեն տասը տարի է մոդելային ասպարեզում է (լուսանկարը Գեւորգ Ղուլյանի)

Աննան արդեն տասը տարի է մոդելային ասպարեզում է (լուսանկարը Գեւորգ Ղուլյանի)

Ֆոտոմոդելի առօրյան հագեցած է նկարահանումներով, նա մարզասրահ չի գնում, տանը զբաղվում է պարային աէրոբիկայով` շաբաթական 3 անգամ մոտ 1,5 ժամով, նաեւ ամեն օր 30 րոպե օղակ է պտտեցնում: Ազատ ժամերին էլ կատարելագործում է իր 4-րդ լեզուն`իսպաներենը:

Աննան մոտ 10 տարի մոդելային աշխարհում է, առաջին 3 տարին եղել է մանեքենուհի, մասնակցել է հագուստի ցուցադրությունների, "հագել” է գրեթե բոլոր հայ դիզայներների հագուստները: 2001թվից հաճախել է Հայաստանի նորաձեւության տուն, սովորել մոդելային քայլվածք, դեֆիլե: Այժմ նախընտրում է ֆոտոմոդելի աշխատանքը. "Ցուցադրության ժամանակ անընդհատ խուճապ է լինում. մանեքենուհիները քիչ են, հագուստները` շատ: Մանեքենուհին պիտի շատ նիհար լինի, իսկ ֆոտոմոդելի դեպքում, կոպիտ ասած, ոսկրերը չպետք է երեւան”,- ասում է Աննան:

Աննա Բաբայանը հանդիսանում է Cocktail Fashion խանութ-սրահի դեմքը

Աննա Բաբայանը հանդիսանում է Cocktail Fashion խանութ-սրահի դեմքը

Նա որեւէ մոդելային գործակալության հետ չի աշխատում, նշելով, որ միայնակ աշխատելը եւ կախման մեջ չլինելը մեծ առավելություն է. "Հինգ աղջիկներով մի գովազդային ակցիայի մասնակցեցինք, վերջում ես 3 անգամ ավելի շատ վաստակեցի, որովհետեւ մյուս աղջիկները գործակալությունների հետ էին աշխատում, եւ գումարը կիսվեց նրանց մեջ”:

Աննան պատմում է, որ առաջարկներ է ստացել արտերկրից, մասնավորապես` հայտնի "Elle” մոդելային գործակալության կողմից. "Քույրս Իսպանիայում է ապրում: Իմ ֆոտոներից ու ամսագրերից մի քանի օրինակով բաժանել էր իսպանական գործակալություններին: Մտածում էի` էնտեղ շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ մոդելներ կան, հաստատ ինձ չեն նկատի: Պարզվեց, որ նկարներս ամսագրերում տեսնելով, առաջարկեցին իրենց մոտ աշխատել”:

Աննա Բաբայանը PRESTIGE ամսագրի ֆոտոշարքում

Աննա Բաբայանը PRESTIGE ամսագրի ֆոտոշարքում

Աննան նշեց, որ իրեն դուր չեն եկել պայմանագրի որոշ կետեր ու նրանց աշխատելաոճը. "Պայմանագիրը կնքում են 5 տարով, որի ընթացքում արգելվում է ամուսնանալ, փոխել արտաքինն առանց թույլտվության, խախտել հատուկ սննդակարգը: Նույնիսկ կար մի կետ, որ մարմնի վրա կապտուկներ չպետք է լինեն: Կետերից մեկը խախտելու դեպքում մոդելները խոշոր տուգանք են մուծում: Պայմանագրի առաջին տարին մոդելները սովորում են, 2-րդ տարին` անվճար աշխատում, իսկ հաջորդ 3 տարվա ընթացքում սկսում են գումար վաստակել”, – պատմում է Աննա Բաբայանը:

Ֆոտոմոդելը նախընտրում է աշխատել Հայաստանում, նշելով, որ այստեղ արդեն ճանաչում է լուսանկարիչներին, ոճաբաններին, դիզայներներին, ծանոթ է նրանց աշխատելաոճին ու վստահում է իր ընկերներին. "Մոդելը մաքուր կտավ է, որի վրա պետք է կերպար ստանան, դրա համար էլ փորձում եմ չխառնվել ոճաբանի, դիմահարդարի, վարսահարդարի գործին: Պատահում է, որ վերջնական արդյունքը նկարներով եմ տեսնում”: :)

Աննա Բաբայան (ոճը` Անի Գալստյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայան (ոճը` Անի Գալստյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Ի դեպ, Աննան հաճախ իր դիմահարդարումն ինքնուրույն է անում. նա արաբական ոճի դիմահարդար է, վերապատրաստվել է Լիբանանում եւ Իրանում: Իսկ իր առաջին մասնագիտությամբ մանկավարժ-լոգոպեդ է: :)

Ֆոտոմոդելի լուսանկարները հայտնվել են հայկական մի շարք ամսագրերում` "Էլ Սթայլ”, "Ես Girl”, "Prestige”, "Luxury” եւ այլն: Նկարահանվել է Միշոյի "Քեզ ինչ առնեմ” տեսահոլովակում, 80-ից ավելի ֆոտոշարքերում, նաեւ մի քանի խանութների ու ֆիրմաների գովազդային հոլովակներում: Շուտով կնկարահանվի երգիչներից մեկի տեսահոլովակում:

Աննան Pompadour բրենդի ֆոտոշարքում (լուսանկարը Արտաշես Մարտիրոսյանի)

Աննան Pompadour բրենդի ֆոտոշարքում (լուսանկարը Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայանը պատմեց նաեւ, թե ինչպես է հայտնվել հաղորդավարուհու դերում. "Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանն ինձ առաջարկեց վարել հաղորդումը: Առաջին եթերների ընթացքում շատ էի հուզվում, կաշկանդվում էի, չէի խոսում: Նախօրոք գրում էի հարցերն ու ամբողջ ընթացքում թղթից էի կառչում: Հիմա լարվածությունն անցել է. փորձում եմ անմիջական լինել ու տեղում իմպրովիզ անել”, – պատմում է Աննան եւ հավելում. "Դիմահարդարումն ինքս եմ անում, ամեն եթերից առաջ վարսավիրանոց եմ գնում, հագուստներն էլ ինքս եմ գնում: Չեմ սիրում, երբ եթերից շնորհակալություն են ասում հագուստի, վարսահարդարման համար… Իմ ամբողջ աշխատավարձը, դեռ մի բան էլ ավելին, ծախսում եմ եթերային հագուստ գնելու համար :) ”, – ասում է մոդելը:

26-ամյա ֆոտոմոդելի սիրտը վաղուց` մոտ 6 տարի գրաված է: Նրա ընտրյալը` Կարենը, բիզնեսմեն է, նրանք նույն տարիքի են, միասին են գնում նկարահանումների. "Ընկերս ինձ որեւէ բան չի արգելում, օգնում է, միշտ կողքիս է լինում: Արվեստից հեռու չէ, ես էլ իմ գործն արվեստ եմ համարում: Իմ առաջին քննադատները ծնողներս են ու Կարենը: Նրանք ինձ միշտ հասկանում են, անբարոյական ոչինչ չեն տեսնում աշխատանքիս մեջ”:

Աննան կարծում է` կամուսնանա այն ժամանակ, երբ կցանկանա մայրանալ. "Երբեք չեմ երազել ճոխ հարսանիքի մասին, այլ երազել եմ երջանիկ լինել: Անիմաստ է երազել ինչ-որ հարսի շորի ու քեֆի մասին”,- կարծում է ֆոտոմոդելը: :)
















Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1730 | Downloads: 0 | Rating: 5.0/3
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: