Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Արեւիկ Գեւորգյան


"Princess of the World-2010”-ի տաղանդը :)

Հունիսի 22-ին Երեւանի հյուրանոցային համալիրներից մեկում կայացավ "Հայաստանի Արքայադուստր-2010” գեղեցկության մրցույթը, որի ժամանակ հաղթող ճանաչվեց Արեւիկ Գեւորգյանը: Մրցույթի կանոնների համաձայն, հաղթող մասնակիցը հոկտեմբերի 2-ին Պրահայում կայանալիք "Princess of the World-2010”-ին պետք է ներկայացներ Հայաստանը:

"Հայաստանի Արքայադուստր-2010” գեղեցկության մրցույթի հաղթող Արեւիկ Գեւորգյանը

Օրեր առաջ Հայաստան վերադարձավ "Princess of the World-2010”-ի մեր մասնակիցը` իր հետ բերելով մրցույթի "Միսս տաղանդ” անվանակարգում ստացած շքանշանը:): Այժմ Bravo.am-ը ձեզ է ներկայացնում այն, ինչ մեզ հազողվեց պարզել Արեւիկի հետ զրույցում:

Արեւիկ Գեւորգյանը "Միսս տաղանդ” անվանակարգում հանդես է եկել մնջախաղով` ներկայացնելով Լեոնիդ Ենգիբարյանի "Կնոջ կյանքը” բեմադրությունը. «Ես այն փոքր ինչ ձեւափոխեցի եւ 3 րոպե տեւողությամբ բեմադրության մեջ ներկայացրեցի, թե ինչպես է աղջիկը ծնվում, գտնում իր կեսին, սիրո խոստովանություն լսում նրանից, երեխա ունենում, մեծացնում նրան, իսկ երբ երեխան գնում է, նա մահանում է»: Հայաստանի արքայադուստրը պատմում է, որ իր մնջախաղային փոքրիկ մոնոներկայացման ավարտին ողջ դահլիճը հուզմունքից արտասվել է: "Կնոջ կյանքը”-ը բեմադրության երաժշտական ձեւավորման մեջ եղել է հատված Տիգրան Մանսուրյանի հեղինակած "Կտոր մը երկինք” ֆիլմի երաժշտությունից ու երեխայի ճիչեր, իսկ Արեւիկի հագուստը, որը նա պատրաստել էր մայրիկի հետ, եղել է սեւ-սպիտակ ձեռնոցներով:

Արեւիկ Գեւորգյանն արժանացել է "Միսս տաղանդ” անվանակարգի համար նախատեսված 3 մրցանակներից երկրորդին

Այս բեմադրության համար էլ Արեւիկ Գեւորգյանն արժանացել է "Միսս տաղանդ” անվանակարգի համար նախատեսված 3 մրցանակներից երկրորդին. «Առաջին անգամ էի Հայաստանից դուրս ներկայացնում մեր երկիրը, առաջին անգամ էի արտերկիր մեկնում, այն էլ` մենակ: Երբ գնում էի, հայրիկս ասաց, որ ինձ հետ հազարավոր մարդկանց սրտեր են: Ես զգացի, որ նա ճիշտ է, արեցի այն, ինչ հնարավոր է, անգամ իմ ուժերից վեր, որպեսզի արդարացնեմ մարդկանց սպասումները»: Պրահայում կայացած մրցույթի ժամանակ Արեւիկը ներկայացել է նաեւ հայկական տարազով, որն այստեղից էր տարել, լողազգեստով ու երկու երեկոյան զգեստներով:

Խոսելով մրցույթի մյուս մասնակիցների մասին` մեր զրուցակիցն ասում է, որ բոլորն էլ շատ գեղեցիկ էին. «47 երկրներից մասնակիցներ կային, բոլորն էլ շատ լավն էին, մենք շատ շուտ ընկերացանք: )»:

Արեւիկը ներկայացրել է Լեոնիդ Ենգիբարյանի "Կնոջ կյանքը” բեմադրությունը

Հիմա Արեւիկը պատրաստվում է իրեն նվիրել համալսարանական դասերին: Նա այս տարի ավարտելու է բուհն ու ուզում է կարմիր դիպլոմակիր լինել, հետեւաբար առաջիկայում նպատակ չունի մասնակցել գեղեցկության որեւէ մրցույթի:

«Մոդելային կյանքն ինձ համար հոբբի է…»

«Մոդելային կյանքն ինձ համար հոբբի է, որի հանդեպ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կսպառվի, իմ հիմնական մասնագիտությամբ ես նկարիչ-մոդելավորող եմ»,-ասում է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի ավարտական կուրսի ուսանողուհին ու հավելում, որ այն ավարտելուց հետո ուզում է ընդունվել թատերական ռեժիսուրայի բաժին: Արեւիկն արդեն 3 տարի է` բեմադրում է փոքրիկ թատերական ներկայացումներ, որոնք ուղեկցվում են նաեւ հագուստի ցուցադրությամբ, հետագայում էլ մտադիր է շարունակել այդ գործը: Ծրագրեր կան մոդելային գործակալություն բացելու, բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է համարում: Առայժմ Արեւիկը զբաղվում է իր հագուստների պատրաստմամբ, ինքը նկարում է, մայրիկի հետ կարում, քանի որ չի սիրում կրկնվել:

Պրահայում կայացած մրցույթի ժամանակ Արեւիկը ներկայացել է նաեւ հայկական տարազով

Սերիալի դերասանուհին շատ է ուզում ֆիլմերում նկարահանվել

Կարծում եմ, սերիալասերներին հայտնի է, որ Արեւիկը նկարահանվում է "Աննա” հեռուստասերիալում` մարմնավորելով Լիզային. «Նա 16 տարեկան մի աղջիկ է, ով,  չնայած իր տարիքին, հասցրել է շատ սխալներ գործել: Կարծում եմ, որ այն դաստիարակչական դեր ունի. շատ աղջիկներ կնայեն ու ճիշտ քայլեր կանեն»: Արեւիկի համար սկզբում դժվար է եղել դերին համակերպվելը, քանի որ կերպարը բացասական էր. «Բայց հետո ես սկսեցի սիրել այն, ինչ-որ մասնիկ դարձավ իմը»: Այն, որ սերիալը եւս նրան ճանաչում բերեց, հաճելի է մեր զրուցակցի համար, բայց ասում է, որ չափից ավելի ուշադրությունն ոչ միայն տհաճ է, այլեւ կասկածելի. անհանգստանալու առիթ է տալիս:

Բնավորությամբ ոչ այնքան վստահ Արեւիկն երբեմն վախ է զգում ուշադրության կենտրոնում լինելու պատճառով, սակայն մեծ ցանկություն ունի նաեւ ֆիլմերում նկարահանվելու:
Մեր հարցին, թե գտել է իր երկրորդ կեսին, բացասական պատասխան է տալիս, ապա փորձում ներկայացնել տղամարդու իր իդեալը` կարեւոր համարելով հումորի զգացումը. «Տղայի կողմից ճիշտ մոտեցումն էլ եմ շատ կարեւորում»:

Արեւիկ Գեւորգյան. «Մոդելային կյանքն ինձ համար հոբբի է...»

«Շատ քաղցրակեր եմ. դիետաներն ինձ չեն օգնի :) »

1մ 74սմ հասակ ունեցող եւ 90-63-90 կազմվածքով մեր զրուցակիցն ասում է, որ առողջ ապրելակերպի կողմնակից է, բայց դրա համար կարեւոր չի համարում ամեն օր մարզասրահ հաճախելը. անգամ տնային պայմաններում վարժություններ անելը կարող է ցանկալի արդյունք տալ: Փոխարենը Արեւիկն ամենօրյա վարժություններ է անում, շատ մրգեր ու հյութ օգտագործում, իսկ դիետաների մասին ասում. «Շատ քաղցրակեր եմ. դիետաներն ինձ չեն օգնի:)»: Գեղեցիկ լինելու համար նա առաջին նախապայման է համարում խնամված լինելը. «Ես չեմ ընդունում, երբ ասում են` տգեղ կին. չկա տգեղ կին, կան խնամված եւ անխնամ կանայք»: Գույներից շատ է սիրում սեւ, սպիտակ եւ ոչ աչք ծակող երանգները, ինչը կապում է իր հանգիստ բնավորության հետ, իսկ իր կուռքն է համարում հնդկուհի, "Միսս Աշխարհ” տիտղոսակիր Աիշվարիա Ռային:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1717 | Downloads: 0 | Rating: 4.7/15
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: