Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Բա իմացա՞ր


Ներկայացնում է "Ե՞ս Yes” ամսագիրը

Ի՞նչ են խոսում. Արմենչիկն ու Շառլ Ազնավուրը մտադիր են համագործակցել:


Իրականում.
սիրված երգիչ Արմենչիկի եւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետագա համագործակցության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Խոսքն այս դեպքում պարզապես շնորհավորանքի ու դրական կարծիքի մասին է, երբ Շառլ Ազնավուրը 2009թ. դեկտեմբերին Լոս Անջելեսի Nokia թատրոնում կայացած Armenian Music Awards եւ M Club Music Video Award մրցանակաբաշխությունների ժամանակ լսել ու հավանել է Արմենչիկի "Vision” երգը:
«Շառլ Ազնավուրի հետ ծանոթացանք եւ զրուցեցինք հենց համերգի ժամանակ: Շանսոնյեն ասաց, որ շատ ուրախ է ծանոթության համար, հավելեց նաեւ, որ հավանել է ձայնս ու կատարումս` ասելով, որ քաղցր ձայն ունեմ, բացի այդ, տեղյակ էր, որ գտել եմ կեսիս եւ այդ կապակցությամբ շնորհավորեց, ջերմ մաղթանքներ հղեց ինձ»,- պատմեց Արմենչիկը:

Արմենչիկն ու Շառլ Ազնավուրը

Արմենչիկն ու Շառլ Ազնավուրը

Հիշեցնենք, որ Արմենչիկը հայ կատարողներից առաջինն էր, ով 2009թ. հոկտեմբերին մեծ համերգով հանդես եկավ Nokia թատրոնում. համերգի տեսասկավառակը հավանաբար պատրաստ կլինի մարտի 8-ին` որպես նվեր կանանց տոնին: Հիշեցնենք նաեւ, որ M Club Music Video Award-ի կողմից «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց հենց Արմենչիկը` դառնալով երեք անվանակարգերի մրցանակակիր` «Լավագույն երաժշտական շրջագայություն», «Լավագույն տեսահոլովակ» («Ջանս»), «Լավագույն M Radio»:

Ի՞նչ են խոսում. մտերիմ ընկերներ Արմենչիկն ու Արման Հովհաննիսյանը վիճել են, ինչի պատճառով էլ վերջինս չի մասնակցել Արմենչիկի պսակադրությանը:

Երգիչ Արմենչիկը

Արմենչիկ

Իրականում. լուրը ճշտելու համար զրուցեցինք թե Արմենչիկի մտերիմներից մեկի, թե Արման Հովհաննիսյանի հետ: «Նման բան չկա, Արմանը եւս դա կփաստի»,- շեշտեց Արմենչիկի մտերիմը, իսկ Արման Հովհաննիսյանն էլ լուրը որակեց բամբասանք` մանրամասնելով Արմենչիկի պսակադրությանը չմասնակցելու իրական պատճառները: «Ես Արմենչիկի հարսանիքից մի քանի օր առաջ էի վերադարձել Հայաստան եւ պետք է մեկնեի Եվրոպա` համերգների, որոնք ծրագրավորված ու համաձայնեցված էին դեռ հինգ ամիս առաջ: Հետեւաբար` չէի կարող խախտել բոլոր պայմանագրերը, իսկ Արմենչիկն էլ չէր կարող փոխել հարսանիքի օրը: Միայն այդ պատճառով չեմ կարողացել ներկա գտնվել հարսանեկան արարողությանը, սակայն հեռախոսով շնորհավորել եմ լավագույն ընկերոջս, իսկ երբ նա մենահամերգով Երեւանում էր, միասին նշել ենք այդ իրադարձությունը, լավ ուրախացել եւ որեւէ վիճաբանության մասին խոսք լինել չի կարող»,- վստահեցրեց Արման Հովհաննիսյանը: Անդրադառնալով իր արտասահմանյան համերգներին` երգիչն ասաց, որ Դամասկոսում, Հալեպում եւ Հոլանդիայում մենահամերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Նաեւ ասաց, որ մինչեւ ապրիլ հանդիսատեսի դատին կհանձնի նոր ձայնասկավառակ, իսկ ապրիլի կեսերին կրկին մենահամերգներով կմեկնի արտերկիր` Ռուսաստան, Բելգիա…

Արման Հովհաննիսյան

Արման Հովհաննիսյան

Ի՞նչ են խոսում. երգիչ Սարոն ձերբակալված է` երեւանյան ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով:

Իրականում. «Ջիանի» ռեստորանում հենց տարեսկզբին ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Սեյրան Սարոյանի թիկնազորերի միջեւ ծագած վիճաբանության հետեւանքով կալանավորված անձանց թվում շարունակում է մնալ նաեւ երգիչ Սարոն` Սեյրան Սարոյանի սանիկը: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը, ով միջադեպի առնչությամբ ձեռնպահ մնաց մեկնաբանություններից` նախընտրելով մանրամասնելը թողնել Սարոյին:

Երգիչ Սարոն

Սարո

Ըստ մեր տեղեկությունների, միջադեպին երգիչ Սարո Թովմասյանը հարբած վիճակում վիճաբանել է ռեստորանի հաճախորդներից մեկի եւ նրա ուղեկիցների հետ. վիճաբանող կողմերից եւ ոչ մեկին հանգստացնել չի հաջողվել, ինչի հետեւանքով Սարոն զանգահարել է իր մտերիմներին` ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի անվտանգության պետին: Ծեծկռտուքի, գազային ատրճանակով կրակելու հետեւանքով դեռեւս հունվարի 14-ին ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի երկու թիկնապահներն ու երգիչ Սարոն կալանավորվել են: Միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Գործով անցնում են մոտ մեկ տասնյակ վկաներ, այդ թվում` «Ջիանիի»` հանրությանը ծանոթ մի քանի երգիչներ…

Ի՞նչ են խոսում. երգչուհի Սոնա Շահգելդյանին ինչ-ինչ պատճառներով չեն հրավիրում մասնակցելու խմբակային համերգներին:

Իրականում. Իսկապես, դժվար կլինի հիշել վերջերս կազմակերպված որեւէ համերգ կամ մրցանակաբաշխություն, որին ելույթ է ունեցել նաեւ «Երկու աստղ» նախագծի «ստաժավոր հաղթող» երգչուհի Սոնա Շահգելդյանը: Ընդ որում` դրանց մասնակից երգիչ-երգչուհիների ցանկը գրեթե անփոփոխ է: Սրա վերաբերյալ մեկնաբանություն տալ ցանկացավ հենց Սոնան եւ ասաց, որ այս հանգամանքն իր համար մի կողմից անհասկանալի ու զարմանալի է, թե ինչու չեն հրավիրում ոչ միայն իրեն, այլեւ շատ ուրիշ երգիչների, մյուս կողմից էլ` դրա պատասխանը, ըստ Սոնայի, մեկն է` «կազմակերպիչներն են միշտ նույնը»: Թեպետ երգչուհին չբացառեց եւ այն, որ թերեւս 6/8-ով երգեր չկատարելն է պատճառը: «Հիմնականում միշտ մասնակցել եմ բարեգործական համերգներին ու կշարունակեմ մասնակցել: Իսկ ոչ բարեգործական շատ համերգների ինձ չեն հրավիրում: Կարծում եմ` նախանձն է, բայց ես ոչ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ, աշխատում եմ զերծ մնալ դրանից ու ոչ մեկի չեմ նեղացնում: Շատ համերգների չեն հրավիրում նաեւ Աննա Խաչատրյանին, Վարդան Բադալյանին, Մհերին, ու այսպես կարող եմ էլի թվարկել»,- պնդում է Սոնա Շահգելդյանը եւ հավելում, որ չի տառապում այդ համերգներին չմասնակցելու համար, պարզապես պետք է բոլորի համար հավասար պայմաններ գործեն: «Միգուցե «մեջք» պիտի ունենաս, որ մասնակցես, իսկ ես իմ ընտանիքից ու հարազատներից բացի ոչ մեկի չեմ խնդրի ինձ օգնել այդ հարցում»,- վրդովված ասում է երգչուհին:

Ստեղծագործական նորությունների մասին Սոնան ասաց, որ մտադիր է երգել նաեւ ժողովրդական երգեր: «Բացի այդ, պատրաստ է նաեւ Արսեն Գրիգորյանի հետ «Միասին» երգի տեսահոլովակը»,- ուրախությամբ հավելեց Սոնա Շահգելդյանը:

Ի՞նչ են խոսում. Վահրամ Պետրոսյանն ու Լիլիթ Հովհաննիսյանն իրենց հարաբերություններն օգտագործում են շարունակ քննարկման թեմա լինելու համար:


Իրականում.
Վահրամ Պետրոսյանի եւ Լիլիթ Հովհաննիսյանի սիրավեպի մասին խոսակցություններն այդպես էլ հանգուցալուծում չեն ստանում: Անհասկանալի է` այս զույգի մեջ իսկապես սիրավեպ կա՞, թե՞ ոչ:

Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը

Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը

Համենայնդեպս, նրանք շարունակում են թաքցնել դա, իսկ երկրպագուները, հակառակը, ցանկանում են ստանալ դրա պատասխանը: Վերջին շրջանում լրատվամիջոցներն այնքան են անդրադարձել այս զույգին, որ Վահրամը ստիպված որոշակի քայլեր է ձեռնարկել: Երգահանն ասաց, որ մամուլում (նա հավելեց, որ բացառությամբ «Ե՞ս Yes»-ի) իրենց միասնության մասին առասպելներ են հյուսվում, խեղաթյուրվում է իրականությունը: «Մեր ընկերական հարաբերությունների մասին ինչ ասես գրում են, մեկնաբանություններ տալիս, այս պատճառով որոշել եմ Լիլիթի հետ այլեւս հանրային վայրերում չհայտնվել, հաղորդումների, նկարահանումների չգնալ, իսկ եթե ինչ-որ բան անձնական կյանքում փոխվի, անպայման կբարձրաձայնեմ»,- վստահեցրեց Վահրամը:

Լիլիթ Հվհաննիսյանն էլ շեշտեց, որ արդեն հոգնել է այս խոսակցություններից, բացի այդ, չի սիրում քննարկել իր անձնական կյանքը: «Անիմաստ տեղը մարդիկ սկսել են մեզանից խոսել, իրենց ձեռնտու տարբերակ են առաջ քաշում, ինչն ուղղակի հաճելի չէ»,- ավելացրեց Լիլիթը:

Վերջինս այնքան զայրացած էր նաեւ Armenian Music Awards-ի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպից, որ չկարողացավ չխոսել այդ մասին: Սույն մրցանակաբաշխությանը Լիլիթի երգի ֆոնոգրամայի ներքո ելույթ է ունեցել մեկ այլ երգչուհի, ինչն էլ զայրացրել է Լիլիթին: «Ընկերներիցս մեկի տանն էի: Հանկարծ տեսա եւ զարմացա` ինչպես կարող են նման բան թույլ տալ, որ իմ ձայնի տակ մեկ այլ երգչուհի հանդես գա: Զանգահարեցինք կազմակերպիչներին, սակայն նրանք պատասխանեցին` դե լավ, մի մեծ կիքս չի»,- վրդովված պատմեց երգչուհին, ով մտադրություն չունի դա այդպես թողնել: Իսկ թե ինչ ընթացք կտրվի, դժվարացավ ասել:

Ի՞նչ են խոսում. երգչուհիներ Աիդա Սարգսյանը եւ Նառան քույրեր են:

Իրականում.
որքան էլ այս լուրը զարմացրեց մեզ, այնուամենայնիվ, որոշեցինք ճշտել երկու երգչուհիներից` մեկընդմիշտ վերջ դնելու համար բամբասանքներին:

Երգչուհի Նառան

Երգչուհի Նառան

Աիդա Սարգսյանի մայրը մեզ հետ զրույցում հերքեց լուրը` ասելով. «Ոչ, սուտ է, անգամ բարեկամական ոչ մի կապ չկա»: Երգչուհի Նառան եւս զարմացավ եւ մի փաստարկ բերեց. «Ես Վարդանյան եմ, Աիդան` Սարգսյան, ինչպե՞ս կարող ենք քույրեր լինել, չեմ հասկանում… Զարմանալի բամբասանք է, ուրիշ ոչինչ»,-պատասխանեց երգչուհին եւ նշեց, որ 1989 թ-ին միասին սովորել են Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի Ակսել Բակունցի ղեկավարած խմբում, իսկ հիմա պարզապես մտերիմներ են: Տեղեկացնենք նաեւ, որ Նառան Սիրիայում վերջերս մասնակցել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության 90-ամյակին նվիրված բարեգործական միջոցառումներին, նույնիսկ նվիրատվություն էլ է արել, սակայն գումարի չափը հրապարակել չցանկացավ:

Աիդա Սարգսյան

Աիդա Սարգսյան

Ի՞նչ են խոսում. Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը սիրավեպ ունեն:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը

Իրականում. այս զույգի միասին լինելու մասին լուրերը դեռ նոր են սկսել շրջանառվել, սակայն ինտերնետ կայքերում արդեն հանդիպման հավանական վայրերն են նշվում, անգամ երկրպագուները գրում են, որ նրանց միջեւ սիրավեպը սկսվել է հենց ակումբներից մեկում միասին աշխատելու օրերին:
Մարտին Մկրտչյանը կտրականապես հրաժարվեց խոսել այս մասին` նշելով, որ այն երգիչներից չէ, ով սիրում է հանրային քննարկման դնել անձնական կյանքը: Մարտինի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանն էլ ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց լուրի իսկությունը, միայն ասաց, որ չի ցանկանում խոսել երգչի անձնական կյանքից, եւ հավաստիացրեց, որ եթե որեւէ ռեալ իրադարձություն տեղի ունենա, երկրպագուներն անպայման կիմանան:

Մարտին Մկրտչյան

Մարտին Մկրտչյան

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը մի փոքր սրտնեղեց եւ ասաց, որ իր անձնականն ոչ մեկի խնդիրը չէ` միաժամանակ նշելով. «Չեմ սիրում խոսել իմ անձնականից. ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում, եթե ինչ-որ բան փոխվի իմ կյանքում, բոլորը կիմանան, անգամ առաջինն ես կպատմեմ դրա մասին»: Ի դեպ, Հռիփսիմեն առաջիկայում պատրաստվում է թողարկել ձայնասկավառակ:

Ինչ են խոսում. հաղորդավար Արտավազդ Ամիրյանը եւ երգչուհի Մարին ընկերություն են անում:

Իրականում.
Արտավազդ Ամիրյանը լուրը լսելուն պես նախ նշեց, որ «Սլայդ արտ» պրոդյուսերական ընկերությունը, որի ղեկավարն ինքն է, զբաղվում է Մարիի պրոդյուսինգով: Այնուհետեւ ավելացրեց, որ իրենք մոտ են նաեւ ընտանիքներով: «Չեմ ուզում խոսել այս թեմայի մասին, քանի որ այդպիսի բան չկա: Բայց նաեւ չեմ կարող հաստատ ասել. գուցե հետո ինչ-որ բան լինի, կյանք է, վստահ ոչինչ չես կարող ասել»,- չբացառեց Արտավազդը: Նա նաեւ ասաց, որ օրվա հիմնական մասը Մարիի հետ են անցկացնում, քանի որ ստեղծագործական հարցեր են քննարկում, ձայնագրել են նոր երգ ու պատրաստվում են նկարահանել նոր տեսահոլովակ, ինչը կարող էր լինել այս խոսակցությունների պատճառը:

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանը եւ երգչուհի Մարին

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանը եւ երգչուհի Մարին

Մարին եւս լուրը լսելուն պես սկսեց պատմել, որ ինքն ու Արտավազդը մոտ են, մտերիմ ընկերներ են: Ինչ վերաբերում է սիրավեպ ունենալուն` երգչուհին ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այն, միայն պատասխանեց. «Չեմ ուզում պատասխանել այս հարցին, չեմ սիրում անձնական կյանքս դնել քննարկման, երբ ինչ-որ բան տեղի ունենա, բոլորը կիմանան դրա մասին, ժամանակը ցույց կտա»,- նկատեց երգչուհին:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 3454 | Downloads: 0 | Rating: 3.9/16
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *: Email:
Code *: